Ինչպե՞ս կազմակերպել և անցկացնել մամուլի ասուլիս
- Marine Yeghoyan
- Apr 3, 2024
- 3 min read
Updated: Feb 13
Մամուլի ասուլիս կազմակերպելիս կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ

Պատմության մեջ առաջին անգամ մամուլի ասուլիս անցկացվել է 1913թ. մարտին. ԱՄՆ 28-րդ նորընտիր նախագահ Վուդրո Վիլսոնի տվեց առաջին ասուլիսը: Անսովոր և նոր ձևաչափով անցկացվող հանդիպումը եղել է լարված թե՛ լրագրողների, թե՛ նախագահի համար: Ներկաները փաստել են, որ Վիլսոնը հարցերին պատասխանել է կարճ, եղել է քաղաքավարի և օգտագործել հնարավորինս քիչ բառեր:
Մամուլի ասուլիսն այսօր էլ հանրային կապերի ամենապահանջված և արդյունավետ գործիքներից է, որտեղ լրագրողները հնարավորություն ունեն անմիջական շփվելու պատասխանատուների հետ, բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ:
Ինչպես ցանկացած միջոցառում, մամուլի ասուլիսը ենթադրում է լուրջ նախապատրաստում, կազմակերպչական ուժեղ հմտություններ և հետևողականություն:
Մամուլի ասուլիս կազմակերպելիս կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ:
Ասուլիսից առաջ
Ընտրեք համապատասխան վայր
Թվային դարաշրջանում, որտեղ տեղեկատվության հասանելիությունը սահմաններ չունի, համացանցի միջոցով օրվա ընթացքում ստանում ենք ահռելի չափով տեղեկատվություն: Եվ այսօր որևէ բան կազմակերպելիս, որպեսզի գրավես հանրույթի, այս դեպքում լրագրողական հանրույթի հետաքրքրությունը, և որպեսզի նրանք ընտրեն հենց ձեր միջոցառումը, անհրաժեշտ է լինել ստեղծագործ: Փորձեք գտնել այնպիսի վայր, որը կստեղծի անկաշկանդ մթնոլորտ, որևէ կերպ կապ կունենա, կասոցացվի ձեր ընկերության/ բրենդի հետ, կլինի տեխնիկապես հագեցած:
Տեղն ընտրելիս հաշվի առեք հասանելիությունը, եթե անցկացվում է դժվար հասանելի վայրում կամ քաղաքից դուրս, կազմակերպեք լրագրողների տեղափոխումը:
Ընտրեք ճիշտ օր և ժամ
Ուսումնասիրեք տվյալ ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումներն ու իրադարձությունները, ընտրեք այնպիսի օր և ժամ, երբ որևէ նշանակալի իրադարձություն չի լինելու: Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ձեր ասուլիսին կմասնակցեն մեծ թվով լրագրողներ:
Ասուլիսի համար առավել հարմար օրեր են երեքշաբթին, չորեքշաբթին, հինգշաբթին, իսկ հարմար ժամերը՝ 10:00-16:00: Բայց այս ամենը մեծապես կախված է ձեր միջոցառման բնույթից ու նպատակից:
Աշխատեք բովանդակության վրա
Մշակեք ձեր ուղերձները, որոնք ցանկանում եք փոխանցել ասուլիսի ընթացքում՝ ինչ եք ցանկանում ասել և ինչպես:
Հստակեցրեք հանդիպման նպատակը և հստակ ուրվագծեք այն սահմանները, որոնցից դուրս պատրաստ չեք խոսել տվյալ ասուլիսի շրջանակում:
Գրեք ենթադրյալ հարցեր, որոնք որպես լրագրող կտայիք բանախոսին, մշակեք դրանց պատասխանները:
Մի խուսափեք «վատ» կամ «խնդրահարույց» հարցերից, հակառակը, նախապես մշակեք հնարավոր բոլոր պատասխանները:
Պատրաստեք Press Kit, որը պետք է ներառի.
Ամբողջական մամուլի հաղորդագրություն, որտեղ անպայման ներառված պետք է լինեն հիմնական ուղերձները:
Հիմնական բանախոսների վերաբերյալ կարճ ակնարկ՝ անուն, ազգանուն, պաշտոն, անհրաժեշտության դեպքում կարճ ինքնակենսագրական, նկար:
Տեղեկատվություն ընկերության/կազմակերպության վերաբերյալ:
Վերջում չմոռանաք թողնել կոնտակտային տվյալներ, որպեզի կապվեն ձեզ հետ, եթե որոշ հարցեր հստակեցնելու կարիք ունենան:
Եթե ասուլիսն անցկացվում է որևէ միջոցառման/ծրագրի շրջանակում, լրագրողներին նվիրեք ծրագրի բրենդային փաթեթը (նոթատետր, գրիչ, հիշողության կրիչներ, powerbank, տերմոբաժակ, շապիկ և այլն):
Պատրաստեք բանախոսներին
Հավաքագրեք ամբողջ տեղեկատվությունը, խմբավորեք, դասակարգեք, ընդգծեք հիմնական ասելիքները, խուսափեք ոչ ճշգրիտ, ոչ ամբողջական տեղեկատվություն հաղորդելուց, զգույշ եղեք թվերի և տվյալների հետ, հիշեք, որ այսօր ամեն ինչ տեսագրվում և ձայնագրվում է: Սխալվելու դեպքում՝ ներողություն խնդրեք, ուղղեք ձեր սխալը:
Ուշադրություն դարձրեք բանախոսի հագուկապին, այն պետք է համապատասխանի ասուլիսի ձևաչափին:
Անհրաժեշտության դեպքում աշխատեք բանախոսի խոսքի վրա, հետևեք հանրային խոսքի կանոններին և օգտագործեք հնարքներ, որոնց միջոցով խոսքը կլինի առավել տպավորիչ, իսկ հիմնական ասելիքները կշեշտադրվեն:
Ուղարկեք հրավեր ԶԼՄ-ներին
Նախապես ունեցեք ԶԼՄ-ների ամբողջական ցանկ, ում ուղարկվելու է նամակ-հրավերն ասուլիսը լուսաբանելու համար:
Պատրաստեք հրավեր լրագրողների համար: Տեքստը պետք է ներառի ամենակարևոր տեղեկատվությունը, կիրառեք 5Ws գործիքը (What, where, when, who, why): Ներկայացրեք բանախոսներին, հատկապես, եթե ունեք հրավիրյալ խոսնակներ, օրինակ՝ հայտնի դեմք, միջազգային փորձագետ և այլն, նրանց մասնակցությունն ավելի գրավիչ կդարձնի ձեր հրավերը:
Զանգահարեք լրատվամիջոցներին, բանավոր տեղեկացրեք և հիշեցրեք, որ ամբողջական տեղեկատվությունն արդեն իսկ ուղարկել եք: Վերջում անպայման նշեք, որ տվյալ լրատվամիջոցի մասնակցությունը կարևոր է և կսպասեք նրանց:
Հրավերը կարող եք տարածել նաև Ձեր կայքում, սոցիալական ցանցերի ձեր էջերում:
Ասուլիսի ընթացքում
Լրագրողների դիմավորում
Պատշաճ կերպով կազմակերպեք լրագրողների դիմավորումը, գրանցումը, համոզվեք, որ բոլորի համար ապահովված են հավասար պայմաններ: Թիմում ունեցեք մարդիկ, ովքեր այդ օրը պատասխանատու կլինեն լրագրողների հետ աշխատանքի համար, ում ամեն հարցով կարող են դիմել և ստանալ օգնություն:
Ասուլիսի մեկնարկին լրագրողներին հստակ ներկայացրեք կանոնները:
· Երբ, ինչպես, քանի հարց կարող է տալ յուրաքանչյուր լրագրողը, որքան է տևելու ասուլիսը:
· Անհրաժեշտության դեպքում կարող եք հստակեցնել հարցերի շրջանակը, որոնցից դուրս հարցեր չեն կարող տալ: Օրինակ եթե ասուլիսը նվիրված է կոնկրետ միջոցառման, ունի կոնկրետ թեմատիկ ուղղվածություն, հարցերը պետք է վերաբերեն միայն տվյալ թեմային:
Եղեք ստեղծագործ
Ասուլիսի ընթացքում օգտագործեք վիզուալ գործիքներ՝ պրեզենտացիաներ, կարճ հոլովակներ, նկարներ, թվերի մասին խոսելիս էկրանին ցուցադրեք ինֆոգրաֆիկաներ: Խոսքն ավելի տպավորիչ է, երբ վիզուալացվում է:
Աուլիսից հետո
Ասուլիսի ավարտից անմիջապես հետո ուղարկեք ամբողջական մամուլի հաղորդագրություն՝ շեշտադրելով ձեր հիմնական ասելիքը, ինչպես նաև ամփոփեք կարևոր հարցադրումներն ու պատասխանները, որոնք հնչել են լրագրողների կողմից: Ընտրեք ասուլիսի ամբողջական պատկերը ներկայացնող խոսուն նկար, հնարավորության դեպքում տրամադրեք նաև վիդեո կադրեր:
Իրականացրեք լրատվական կայքերի մոնիտորինգ, հավաքագրեք բոլոր հրապարակումները, դասակարգեք, վերլուծեք:
Բոլոր ներկա ԶԼՄ ներկայացուցիչներին ուղարկեք նամակ՝ շնորհակալություն հայտնելով ներկա լինելու և ասուլիսը լուսաբանելու համար:
Comments