PR մասնագետի ուղեցույց. 11 քայլ դեպի հաջող միջոցառում
- Marine Yeghoyan
- Feb 23
- 2 min read

Հանրային կապերի մասնագետը պետք է ունենա միջոցառումների կազմակերպման լավ հմտություններ, հատկապես եթե աշխատում է փոքր ընկերությունում կամ պատասխանատու է նաև միջոցառումների հաղորդակցման համար։
11 հուշում՝ միջոցառումն արդյունավետ կազմակերպելու համար։
📌 Մշակեք աշխատանքային պլան
Միջոցառման կազմակերպման և իրականացման ամբողջ գործընթացը պլանավորված և հանգիստ անցկացնելու համար մշակեք մանրակրկիտ աշխատանքային պլան՝ հստակ ժամկետներով և պատասխանատուներով։
👥 Ձևավորեք աշխատանքային թիմ
Աշխատանքային թիմում ընդգրկեք փորձառու և պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր, պատասխանատու լինելով միջոցառման կոնկրետ հատվածի համար, առանց խնդիրներ ստեղծելու որակով և ժամանակին կիրականացնեն իրենց գործառույթները։
💰Մշակեք իրատեսական բյուջե
Մանրամասն կանխանշեք ծախսերը և զգուշությամբ մշակեք նախահաշիվը։ Համոզվեք, որ միջոցառման բոլոր բաժինների ծախսերը ներառված են և նախատեսեք հստակ բյուջե չնախատեսված/անսպասելի ծախսերի համար։
🎯 Ճանաչեք ձեր լսարանին
Ուսումնասիրեք և բացահայտեք ձեր լսարանի կարիքները, որպեսզի ձեր միջոցառման բովանդակությունը բավարարի նրանց սպասելիքները և ունենաք դրական ազդեցություն։
📅 Ընտրեք ճիշտ օր և ժամ
Անպայման հաշվի առեք այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ օրացուցային օրեր, պետական և հանրային միջոցառումներ, Կառավարության և Ազգային ժողովի նիստեր, տոներ և այլն։ Ընտրեք այնպիսի օր, երբ դաշտը համեմատաբար ազատ է թե մասնակիցների, թե լրատվամիջոցների համար, որպեսզի ապահովեեք բարձր մասնակցություն։
🏛 Ընտրեք ճիշտ վայր
Վայրն ընտրելիս հաշվի առեք միջոցառման թեման, դահլիճի տեխնիկական հագեցվածությունը, լսարանի քանակը, վայրի հասանելիությունը, եթե ընտրել եք վայր, որը դժվար հասանելի է, բայց ընտրությունը սկզբունքային է ձեզ համար, ապահովեք թե մասնակիցների, թե լրագրողների տեղաշարժը։
✨ Եղեք ստեղծագործ և պարտադիր ունեցեք ԽԱՅԾ
Ուսումնասիրեք նախկինում իրականացված նմանատիպ միջոցառումները և պլանավորեք այնպես, որ այն չկրկնվի, ավելացրեք նորություն և այնպայման որևէ խայծ, որը կգրավի և հանդիսատեսին և լրատվամիջոցներին։ Բայց հիշեք, որ այդ խայծը պետք է լինի իսկական, որը պետք է դրականորեն զարմացնի և միջոցառումը դարձնի հիշարժան։
📢 Ապահովեք արդյունավետ հաղորդակցություն և հետևողականություն
Լսարանին և լրատվամիջոցաներին ներգրավեք միջոցառման նախապատրաստական, իրականացման և գնահատման փուլերում՝ լսելով նրանց արձագանքն ու կարծիքները։ Համոզված եղեք՝ այս դեպքում միջոցառումը կդառնա թիրախային, լսարանի կարիքներից բխող և կօգնի հետագայում ավելի լավ կազմակերպել հաջորդ միջոցառումը։
🎤 Հրավիրեք ասելիք ունեցող հյուրերի
Միջոցառումը գրավիչ և խոսուն դարձնելու համար հրավիրեք հասարակական դիրք և, ամենակարևորը, ասելիք ունեցող մարդկանց՝ որպես բանախոս, վարող, պատվավոր հյուր և այլն, ինչը հավելյալ արժեք և գրավչություն կհաղորդի ձեր միջոցառմանը։
📸 Ապահովեք պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանում
Միջոցառման ավարտից հետո ձեր միջոցառման մասին պատմելու են նկարներն ու տեսանյութերը, պետք չէ գումար խնայել այդ հիշողությունը գեղեցիկ ու որակով պատմություն դարձնելու համար։ Անպայման ֆիքսեք հանդիսատեսի և բանախոսների, հյուրերի էմոցիաները, այդ նկարներն արագ տարածման երաշխիքն են։
🔄 Եղեք ճկուն
Ամեն օր վերանայեք աշխատանքային պլանը, անհրաժեշտության դեպքում կատարեք փոփոխություններ՝աշխատանքի ընթացքը բարելավելու և հնարավոր լավագույն արդյունքների հասնելու համար:
Ճիշտ պլանավորման, ստեղծարարության և հետևողականության դեպքում ցանկացած իրադարձություն կարող է հաջողություն ունենալ:
Comments